ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
-
-
-
-
-
-
-
Վերջերս ավելացված
Նմանատիպ առաջարկներ
Ձեզ մոտիկ
Հերունու Ռադիոօպտիկական աստղադիտակ

Գիտություն
1-3 Ժամ
Հեշտ
Քարտային/կանխիկ
🔭 Տեսակ՝ Գիտական աստղադիտակ
📍 Վայրը՝ Օրգով և Տեղեր գյուղերի միջև, Արագածի հարավային լանջին
⛰️ Ծովի մակարդակից բարձրություն: մոտ 1700 մ
🆔 Անվանում: ՌՕԴ-54/2.6 (Հերունու Ռադիոօպտիկական դիտակ)
🏛️ Հուշարձանների ցանկում գրանցում: 2002թ․, N 2.114.19.11
📞 Կապ և ամրագրում՝ https://www.armstandard.am/en/page/176
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Այցելություն կազմակերպելու համար անհրաժեշտ է առնվազն 3 աշխատանքային օր առաջ ուղարկել էլ. նամակ info@armstandard.am հասցեին՝ կցելով հետևյալ փաստաթղթերը․
✓ Պաշտոնական նամակ՝ այցի նպատակի նկարագրությամբ,
✓ Այցելուների ամբողջական ցուցակ՝ անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճեներով,
✓ Վճարման անդորրագիր՝ փոխանցում կատարելով «ԱՄԻՈ Բանկ» ՓԲԸ, հաշիվ՝ 1150012490810100։ Անպայման պետք է նշված լինեն վճարողի անունը, ազգանունը, այցի նպատակը, իսկ «Ստացող» դաշտում՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ լրիվ անվանումը,
✓ Վճարող անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն։
ԱԿՆԱՐԿ
Հայաստանում գտնվող Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակը՝ ՌՕԴ-54/2.6, աշխարհում եզակի գիտատեխնիկական կառույց է, որը համադրում է ռադիո և օպտիկական աստղադիտման տեխնոլոգիաները։ Հիմնադրվել է Պարիս Հերունու նախաձեռնությամբ՝ հանդիսանալով խորհրդային գիտական ինժեներական մտքի փայլուն դրսևորումներից մեկը։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակը (ՌՕԴ-54/2.6)՝ գտնվում է Արագածի հարավային լանջին՝ Օրգով և Տեղեր գյուղերի միջև՝ Արագածի Գիտական Կենտրոնի տարածքում։ Աստղադիտակի կառուցման գաղափարը պատկանում է ակադեմիկոս Պարիս Հերունուն և սկզբնական փուլում հանդիպել է Մոսկվայի դիմադրությանը, քանի որ ԽՍՀՄ կառավարությունը նախընտրում էր այն տեղակայել Ղրիմում։ Սակայն Հերունու 17 տարվա համառ պայքարի արդյունքում ի վերջո որոշում է կայացվել այն տեղակայել Հայասստանում։ 1980 թվականին սկսվել են աստղադիտակի շինարարական աշխատանքները մի տարածքում, որն այդ պահին չուներ ոչ էլեկտրամատակարարում, ոչ ճանապարհներ և դիտակի կառուցմանը զուգահեռ կառուցվում էին նաև անհրաժեշտ ենթակառուցվածքները։ 1986 թվականին դիտակն արդեն ամբողջությամբ պատրաստ էր և անմիջապես գրանցվեց որպես գյուտ ԽՍՀՄ Գյուտերի Գոսռեեստրում՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվանումով։ 1987-ին այն պաշտոնապես շահագործման հանձնվեց և նույն տարում արձանագրվեց առաջին գիտական հայտնագործությունը։ 1990-ականներին դիտակը շարունակեց աշխատանքը, սակայն 2000 թվականից ֆինանսական սահմանափակումների պատճառով նրա գործունեությունը դադարեցվեց։ Թեև դիտակը տեխնիկապես պահպանել է իր աշխատունակությունը, այն փաստացի չի գործում մինչ այժմ։ 1991-1995 թվականների էներգետիկ ճգնաժամի ընթացքում ակադեմիկոս Պարիս Հերունին հանդես եկավ մեկ այլ նորարարական նախաձեռնությամբ՝ առաջարկելով այլընտրանքային էներգիայի աղբյուր հանդիսացող, արևային կոնցենտրատորների վրա հիմնված էլեկտրակայանի նոր տեսակ։ 1971 թվականից սկսած Հերունու ղեկավարությամբ, Հայաստանում ձևավորվեց ռադիոֆիզիկական չափումների ոլորտի գիտաարտադրական համալիր, որի կազմում ընդգրկված էին երեք կարևորագույն միավոր՝ «Արագածի Գիտական Կենտրոնը» (տեղակայված Օրգով և Տեղեր գյուղերի հարևանությամբ, Արագածոտնի մարզում), Երևանում տեղակայված գիտահետազոտական և վարչական կենտրոնը և «Ալիք» փորձարարական գործարանը։ Այս գիտաարտադրական համակարգում իրականացվել են լայնածավալ տեխնիկական և գիտական աշխատանքներ՝ ներառյալ անտենային տեսության և տեխնիկայի, ռադիոաստղագիտության, տիեզերական կապի, հեռահաղորդակցության, կառավարման համակարգերի, ռադիոչափումների և հարակից ոլորտների ուսումնասիրություն, փորձարկում և նախագծում։
ՆԿԱՐԱԳԻՐ
Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակը՝ ՌՕԴ-54/2.6, կառուցված է որպես երկհայելի համակարգ, որտեղ անշարժ հիմնական հայելին՝ 54 մետր տրամագծով սֆերիկ ռեֆլեկտորը, տեղակայված է բետոնե գոգավորության մեջ՝ ապահովելով բարձր մեխանիկական կայունություն և ցածր աղմուկային միջավայր։ Երկրորդային՝ շարժական հայելին, մոտ 5 մետր տրամագծով, ամրացված է 130 տոննա քաշով մետաղական կառուցվածքի վրա, որը հենվում է երեք կոր սյուների վրա։ Այս ինժեներական լուծումները թույլ են տալիս համակարգին ապահովել գերզգայուն և բարձր ճշտությամբ ազդանշանների ընդունում՝ առանց կառուցվածքային շեղումների։ Աստղադիտակը աշխատում է միլիմետրից մինչև սանտիմետր ալիքների տիրույթում, ունի մակերևույթի բարձր ճշտություն (մինչև 70 միկրոմետր) և շատ ցածր աղմկային ջերմաստիճան (~5 Կելվին), ինչը այն դարձնում է հիանալի գործիք խորքային ռադիոաստղագիտական հետազոտությունների համար։
ՆՊԱՏԱԿԸ
Հերունու նպատակը տեսական գիտելիքը գործնականում կիրառելն էր․ ստեղծել գործիք, որը թույլ կտար իրականացնել բարձր ճշգրտությամբ տիեզերքի հետազոտություններ, ռադիոաստղագիտություն և հեռավոր տիեզերական կապի տեխնոլոգիաներ։ Դիտակն ու դրա շուրջ ձևավորված Արագածի Գիտական Կենտրոնը նախատեսված էին դառնալու գիտահետազոտական և տեխնոլոգիական առաջընթացի հանգույց՝ ապահովելով ինչպես համաշխարհային գիտության մեջ ներգրավվածություն, այնպես էլ տեղական գիտական ներուժի ամրապնդում։ Պոլիգոնի տեղադրման վայրը՝ Օրգով և Տեղեր գյուղերի միջև ընկած Արագածի հարավային լանջը, ընտրվել է անձամբ Հերունու բազմափուլ որոնումների արդյունքում՝ հաշվի առնելով բնական ռելիեֆի համապատասխանությունը սֆերիկ հայելու կառուցմանը, ռադիոաղմուկի ցածր մակարդակը, երկրաբանական կայունությունը և մայրաքաղաքից առկա հեռավորությունը։ Այդ տարածքը մինչ այդ համարվել էր դժվարանցանելի ու բնակեցման համար ոչ նպաստավոր՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Սակայն հենց այս պայմաններն էլ դարձան առավելություն՝ գիտական գործունեության համար մաքուր և կայուն միջավայր ապահովելու տեսանկյունից։
ՌՕԴ-54/2.6 աստղադիտակը նախագծված է որպես բացառիկ ճշգրտությամբ և բարձր ինժեներական որակով համալիր, որը միավորում է ռադիո և օպտիկական դիտման համակարգերը՝ ապահովելով եզակի դիտարկման պայմաններ։ Աստղադիտակը կազմված է հետևյալ հիմնական տարրերից՝
- Հիմնական հայելի՝ անշարժ, 54 մ տրամագծով կիսագնդաձև ռեֆլեկտոր, տեղադրված բետոնապատ բնական գոգավորության մեջ։
- Երկրորդային հայելի և օպտիկական աստղադիտակ՝ շարժական, 2.6 մ տրամագծով, խարսխված 130 տոննա քաշով մետաղական կառուցվածքով։
- Տեղադրման համակարգ՝ բաղկացած երեք կոր սյուներից, որոնք ապահովում են մեխանիկական կայունություն և նվազագույն դիֆրակցիոն կորուստներ։
- Մակերեսի ճշտություն՝ 70/100 միկրոն, որը համարվում է բարձր ցուցանիշ այդ դասի դիտակների համար։
- Ալիքների զգայնության միջակայք՝ 30 մմ-ից մինչև 2 մմ, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել տիեզերքից եկող ամենաթույլ ռադիոճառագայթները։
Այս հատկանիշների համադրությունը ՌՕԴ-54/2.6-ը դարձնում է երբևէ կառուցված ամենազգայուն և կառուցվածքային առումով ամենակայուն ռադիոօպտիկական աստղադիտակներից մեկը։
ԳԻՏԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆ
ՌՕԴ-54/2.6 նախատեսված էր՝
- Գերհեռավոր ռադիոաստղագիտական օբյեկտների ուսումնասիրության համար,
- Քվազարների, ռադիոգալակտիկաների, պուլսարների և գիսաստղերի դիտման համար,
- Ռադիոինտերֆերոմետրիկ միջազգային ցանցերում ներգրավման համար (EVN, VLBI)։
Ներկայումս ՌՕԴ-54/2.6 ռադիոօպտիկական աստղադիտակը պահպանվում է որպես բացառիկ գիտատեխնիկական ժառանգություն։ Տարածքն իր գիտական և մշակութային արժեքով շարունակում է գրավել հետազոտողներին, ուսանողներին և այցելուներին՝ դառնալով գիտակրթական միջոցառումների, գիտության հանրահռչակման և տուրիզմի հետաքրքիր ուղղություն։
Հարմարություններ
Առանձնահատկություններ
Մոտակայքում
Միջազգային ճանաչում ունեցող գիտական կենտրոն է, որտեղ հիմնադրվել են ժամանակակից հայ աստղագիտության դպրոցները։
Միջնադարյան հզոր ամրոց և եկեղեցի, որը գտնվում է Արագած լեռան լանջին՝ մոտ 20 կմ հեռավորության վրա։ Բարձր հնագիտական, ճարտարապետական և զբոսաշրջային արժեք ունի։
13-րդ դարի վանք, որը կառուցված է կիրճի եզրին։ Հիացնում է ինչպես ճարտարապետությամբ, այնպես էլ շրջապատող բնությամբ։
Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթը՝ 4090 մ բարձրությամբ։ Մոտակայքում են արահետներ, որոնցով կարելի է հասնել հարավային և արևելյան գագաթներ։
5-13-րդ դարերի հոգևոր կենտրոն՝ կառուցված Քասաղ գետի կիրճի եզրին։ Գեղատեսիլ վայր է, որը համատեղում է խիստ ճարտարապետություն և բնության գեղեցկություն։