Վերջերս ավելացված
Նմանատիպ առաջարկներ
Ձեզ մոտիկ
Տոլորսի Սբ․ Հռիփսիմե եկեղեցի

Եկեղեցի
1760 մ
Մշակութային
Միջին
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
📍 Վայրը՝ Սյունիքի մարզ, Տոլորս գյուղ, Տոլորսի ջրամբարի արևելյան ափ։
🌐 Կոորդինատներ՝ 39.50° N, 46.07° E
🕰️ Ժամանակաշրջան՝ 1861 թ. (որոշ դեպքերում նշվում է 16-րդ դարի երկրորդ կեսը)։
🌿 Այցելելու լավագույն ժամանակահատվածը՝ հուլիս-սեպտեմբեր, երբ ջրամբարի ջրի մակարդակը իջած է։
🛤️ Ինչպես հասնել՝ Եկեղեցի այցելելու համար պետք է շարժվել դեպի Տոլորսի ջրամբարի ափ: Ճանապարհը հարմար է միայն ամռան վերջին ամիսներին, երբ ջուրը իջնում է և հնարավոր է մոտենալ կառույցին: Ճանապարհի այդ մասից եկեղեցուն հնարավոր է մոտենալ նավակներով կամ ոտքով, եթե ջրի մակարդակը բավարար իջած լինի։
ԱԿՆԱՐԿ
Տոլորսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին բացառիկ պատմական ու ճարտարապետական արժեք ներկայացնող համալիր է։ Այն կանգուն է մնացել հին Տոլորս գյուղի տարածքում՝ ջրամբարի ջրերի տակ, որը կառուցվել է խորհրդային տարիներին: Տարվա մեծ մասը եկեղեցին ծածկված է ջրով, և միայն ամառվա վերջին ամիսներին ջրի մակարդակի իջնելու ժամանակ այցելուները կարող են մոտենալ ու դիտել կառույցը։
ԱՆՎԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Տոլորս» անվանումը, ըստ հետազոտողների, գրաբարից թարգմանաբար նշանակում է «շատ ոլորաններ», ինչը հստակ արտացոլում է գյուղ հասնելու ճանապարհի առանձնահատկությունը։
ՏՈԼՈՐՍ ԳՅՈՒՂ
Տոլորս գյուղը գտնվում է Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքից մոտ 10 կիլոմետր հեռավորությամբ, ծովի մակարդակից 1760-1800 մետր բարձրության վրա։ Հին Տոլորսը գտնվում էր այն վայրում, որն այժմ ծածկված է ջրամբարի ջրերով, իսկ նոր բնակավայրը կառուցվել է ջրամբարի ափին։ Գյուղը բնակեցված է եղել դեռ վաղնջական ժամանակներից, ինչի վկայությունն են հնագույն գյուղատեղիում հայտնաբերված պեղումների արդյունքները՝ ուշ բրոնզե և վաղ երկաթե դարաշրջանի դամբարաններ՝ ոսկյա զարդերով և բրոնզե արձանիկներով: Միջնադարում Տոլորսն անցել է բազմաթիվ պատերազմների և հարձակումների միջով, ինչի արդյունքում գյուղը ժամանակավորապես ավերվել և լքվել է։ Ներկայիս բնակիչների նախնիները հաստատվել են այստեղ մոտ 300 տարի առաջ՝ Արցախից և Իրանի Մակունք քաղաքից:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սբ․ Հռիփսիմե Եկեղեցին, ըստ տեղացիների կառուցվել է 1860-ական թվականներին Տեր Մինասյանների կողմից, ովքեր այդ ժամանակ գյուղի հոգևոր հայրերն էին։ Պատմական որոշ աղբյուրներ ենթադրում են, որ եկեղեցին ավելի հին է, և 19-րդ դարի վերանորոգումը միայն ամրապնդել է կառույցը: 1970-ականներին խորհրդային իշխանությունները որոշում են կայացրել հին Տոլորս գյուղի տեղում ջրամբար կառուցել, ինչի արդյունքում գյուղի տներն ու գյուղում գտնվող Սբ․ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին անցել են ջրի տակ։ Ջրամբարի կառուցումից հետո, երբ ջուրը բաց են թողել, Խորհրդային Հայաստանի Հուշարձանների պահպանության հիմնադրամի աջակցությամբ և տեղացիների ներգրավմամբ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում գտնվող խաչքարերն ու բարավորը՝ որը հաճախ համարվում է եկեղեցու «անձնագիր», տեղափոխվել են գյուղի գերեզմանատուն: Ջրի տակ անցած կառույցներից միայն եկեղեցին է տարիներ շարունակ կարողացել դիմակայել ջրի ազդեցությանը։ Տեղացիների հիշողություններով՝ Տոլորսի ջրամբարի կառուցման պատճառով ջրի տակ են մնացել ոչ միայն հին Տոլորսի բնակավայրն ու Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, այլև հարևան Աշոտավան գյուղի հին բնակատեղին և այնտեղի եկեղեցին: Բնակիչները պատմում են, որ երբ ջրի մակարդակը ցածր էր, հնարավոր էր տեսնել երկու եկեղեցիները, սակայն Աշոտավանի եկեղեցին չի դիմացել ջրի ազդեցությանը և քանդվել է, մինչդեռ Սուրբ Հռիփսիմեն մնացել է կանգուն:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին առանձնանում է պարզ, բայց ամուր ճարտարապետական կառուցվածքով, որն առանձնապես նկատելի է, եթե հաշվի առնենք նրա տևական թաղումները ջրամբարի ջրի տակ։ Կառույցը կառուցված է ավանդական քարաշեն տեխնիկայով, իսկ պատերը համաձայն խոսակցությունների՝ ծեփված են ձվով, ինչը նրանց տալիս է բացառիկ կայունություն և դիմադրություն ջրի ազդեցությանը։ Եկեղեցու գլխավոր հատակագիծը ուղղանկյուն է՝ որմնավորված կամարակապ առաստաղով, ինչն ստեղծում է ներքին համաչափ և ներդաշնակ տարածք, որտեղ արևի լույսի և ստվերի խաղը ընդգծում է միջնադարյան հայկական ճարտարապետության վեհությունն ու հոգևոր ուժը։ Եկեղեցու տարածքի խաչքարերը և փորագրությունները վկայում են, որ կառուցվածքը համեմատաբար հին՝ միջնադարյան արմատներ ունի:
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Սուրբ Հռիփսիմե եկեղեցու այցելությունը կախված է տարվա սեզոնից։ Ամառվա շոգ ամիսներին, երբ ջրի մակարդակը բավականին իջնում է, հնարավոր է մոտենալ եկեղեցուն ոտքով կամ նավակներով՝ տեղացիների աջակցությամբ կազմակերպվող փոքրիկ զբոսանքի միջոցով։ Այս շրջայցը ընձեռում է եզակի հնարավորություն վայելելու շրջապատի հիասքանչ բնապատկերները և լուսանկարչության սիրահարների համար ստեղծում կախարդական տեսարաններ, որտեղ ջրի ու արևի շողերի խաղը ընդգծում է միջնադարյան կառույցի գեղեցկությունն ու առանձնահատկությունը։
ՏԵՂԱԿԱՆ ԼԵԳԵՆԴՆԵՐ
Տեղացիների ներկայացմամբ՝ եկեղեցին խաչ չի ունեցել, միայն ջրասույզ լինելուց մի քանի տարի առաջ է խաչը տեղադրվել, որը սակայն սուզման արդյունքում չի դիմացել և ընկել է։ Տեղացիները նշում են նաև, որ երբ ջրամբարի ջուրը բարձրանում է սովորականից և Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ամբողջությամբ ողողվում է մինչև գմբեթը, սկսվում են ուժեղ անձրևներ և կարկուտ, որոնք մեծ վնասներ են պատճառում բերքին։ Ըստ նրանց՝ սա Աստծո խիստ պատիժն է նրանց համար, ովքեր անտեսում են սրբավայրի գոյությունը:
Հարմարություններ
Մոտակայքում
Հուշարձանային և պատմական արժեք ունեցող վայր, որտեղ կարելի է ծանոթանալ գյուղի անցյալին և տեսնել Հին գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց պահպանված բարավորն և խաչքարերը։
Սյունիքի մարզի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկը․ կենսունակ քաղաք՝ պատմական շինություններով, զբոսայգիներով ու շուկաներով։
Միջնադարյան հայկական քարե հուշարձանների համալիր, որը հայտնի է իր գիտական նշանակությամբ և խորհրդանշական քանդակներով։
Որոտանի վտակներից մեկը, որը 18 մետր բարձրությունից գահավիժելով ստեղծում է գեղեցիկ ջրվեժ։
Սյունյաց աշխարհի վաղմիջնադարյան ճարտարապետության կարևոր հուշարձան, որը նվիրված է պարսիկների դեմ մարտերում հաղթած Սյունյաց երեք իշխաններին: