Մոլոկանների համայնքները Հայաստանում՝ պատմություն, հավատք և ինքնություն
Մոլոկանները՝ որպես ռուսական հոգևոր քրիստոնեական համայնք, Հայաստանում ունեն շուրջ 200 տարվա պատմություն։ Նրանց ներկայությունը ձևավորվել է 1820-1830 թվականների ընթացքում ՝ ցարական իշխանությունների կողմից Կովկասում ուղղափառ հավատքից տարբեր հավատք ունեցող հասարակության շերտերի վերաբնակեցման քաղաքականության շրջանակում։ Այս գործընթացը նպատակ ուներ մեկուսացնել մոլոկաններին ուղղափառ բնակչությունից և միաժամանակ բնակեցնել կայսրության նոր տարածքները։
Մոլոկան անունը ծագում է ռուսերեն “молоко” (“կաթ”) բառից՝ քանի որ շարժման հետևորդները անարատ կաթ էին խմում պահքի ընթացքում և համարվում էին «հերետիկոսներ», քանի որ մերժում էին ուղղափառ եկեղեցու ծիսակարգը։ Տեղափոխվելով Հայաստան՝ նրանք ոչ միայն իրենց հետ բերեցին իրենց կրոնական ավանդույթները, այլ նաև աշխատասիրություն, հստակ կենցաղային համակարգ ու համայնքային ամուր կապեր։
ՍԵՄՅՈՆ ՈՒԿԼԵԻՆ՝ ՄՈԼՈԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ
Սեմյոն Ուկլեինը (1727-1809) համարվում է մոլոկանության հիմնադիրներից մեկը։ Նա ծնվել է Տամբովի նահանգում և սկզբում եղել է դուխոբորների հետևորդ։ Ավելի ուշ, ամուսնանալով դուխոբորների առաջնորդ Իլարիոն Պոբիրոխինի դստեր հետ, Ուկլեինն առանձնացավ դուխոբորներից՝ զարգացնելով մոլոկանների ուսմունքը, որը հիմնված էր միայն Աստվածաշնչի վրա և մերժում էր եկեղեցական հիերարխիան, սրբապատկերների պաշտամունքը և ծիսակարգերը։
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
1805 թվականին Ալեքսանդր I-ը որոշակի իրավունքներ և ազատ տեղաշարժի արտոնություն շնորհեց Ռուսաստանում այլ կրոնական ուղղությունների և շարժումների հետևորդներին, որի արդյունքում իրագործվեց վերաբնակեցման ծրագիրը Կովկասում։ 1830-ականներին Նիկոլայ I-ի օրոք այս գործընթացը շարունակվեց՝ ընդգրկելով մոլոկաններին, դուխոբորներին և այլ համայնքներ։ Նիկոլայ առաջինը ռազմական ծառայությունից ազատման արտոնություն տրամադրեց վերջիններիս վերաբնակեցման ծրագրին մասնակցելու դիմաց։ Նրանց հիմնականում վերաբնակեցրին Լոռու, Սևանի, Դիլիջանի և Զանգեզուրի շրջաններում։ 1844 թվականին Կովկասում կայսերական փոխարքա Միխայիլ Վորոնցովը հատուկ ուշադրություն դարձրեց մոլոկանների վերաբնակեցմանը Արևելյան Հայաստանում։ Այս քաղաքականության արդյունքում հիմնադրվեցին մի շարք մոլոկանաբնակ գյուղեր։
ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՀԱՎԱՏՔ
Մոլոկանները մերժում են եկեղեցական հիերարխիան, սրբապատկերների պաշտամունքը և խաչի պաշտամունքը։ Նրանք կարևորում են Պասի և Զատկի տոները։ Համայնքը պահպանել է էնդոգամիայի ավանդույթը՝ խուսափելով համայնքից դուրս ամուսնություններից։ Մոլոկանները սովորաբար կրթություն են ստանում ռուսերեն լեզվով դպրոցներում։
ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
Ֆիոլետովո (նախկին Նիկիտինո)
Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղը հիմնադրվել է 1842 թվականին Տամբովի նահանգից արտաքսված մոլոկանների կողմից։ 1936 թվականին գյուղը վերանվանվեց ի պատիվ հեղափոխական Իվան Ֆիոլետովի։ Այսօր Ֆիոլետովոն մնում է Հայաստանի միակ գյուղը, որտեղ բնակչության մեծ մասը մոլոկաններ են։ Գյուղը սկզբում կոչվում էր Նիկիտինո, բայց 1936-ին ստացավ Ֆիոլետովո անունը ի պատիվ հեղափոխական Իվան Ֆիոլետովի։ Ֆիոլետովոն այսօր շարունակում է ապրել որպես փակ, բայց հյուրընկալ համայնք։ Բնակիչների մեծ մասը զբաղվում է անտառային տնտեսությամբ, մեղվաբուծությամբ և հացահատիկային մշակությամբ։ 2023 թվականին այստեղ բացվել է մոլոկանների ժառանգության թանգարան - "Չայբուշկա" անունով։
Լերմոնտովո
Ֆիոլետովոյից ոչ հեռու է գտնվում Լերմոնտովո գյուղը, որը նույնպես հիմնադրվել է մոլոկանների կողմից։ Գյուղը պահպանել է իր ավանդական փայտե ճարտարապետությունը։ Գյուղում գործում է ռուսերեն ութամյա դպրոց։ Մոլոկան երիտասարդությունը մեծապես ներգրավված է գյուղի տնտեսական կյանքում։
Սեմյոնովկա
Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղը հիմնադրվել է 1845 թվականին։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2,114 մ բարձրության վրա՝ Դիլիջանի լեռնանցքի մոտ։ Այստեղի մոլոկանները հայտնի են իրենց ավանդական ձեռագործ աշխատանքներով, որոնք ներկայացվում են տոնավաճառներում։ Չնայած արտագաղթին, գյուղում դեռ պահպանվում է մոլոկանական համախմբվածությունը։
Մեդովկա
Լոռու մարզի Մեդովկա գյուղը հիմնադրվել է 1828-29 թվականներին։ Գյուղի անունը կապված է մոտակա սարի վրա գտնվող վայրի մեղուների պարսերի հետ։ Մոլոկանները այստեղ կառուցել են իրենց տները ըստ հին ռուսական գյուղական ավանդույթի՝ փայտաշեն պատերով, լայն տանիքներով։ Մեդովկայում առ այսօր ընդունված է համատեղ աշխատանքը՝ համայնքի անդամները կիսում են գյուղատնտեսական տեխնիկան, միմյանց օգնում տնային գործերում։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՄՈԼՈԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
🪶 Մոլոկանները հրաժարվում են խաչերից, սրբապատկերներից և եկեղեցական շքեղ ծեսերից՝ հավատալով միայն Աստծո Խոսքին և Սուրբ Գրքին։
🪶 Նրանք չեն օգտագործում ալկոհոլ, ծխախոտ և խոզի միս։ Շատերը նաև հեռուստացույց չեն նայում։
Մոլոկանները չեն ծառայել բանակում՝ իրենց խաղաղասիրական դավանանքի պատճառով։
🪶 Համայնքի ներսում ամուսնությունները գերադասելի են. մոլոկանները հաճախ խուսափում են այլ կրոններից ամուսնանալուց։
🪶 Հայաստանում մոլոկանների թիվը ժամանակի ընթացքում նվազել է՝ արտագաղթի և ձուլման պատճառով, սակայն Ֆիոլետովոն դեռևս մնացել է մոլոկանական մշակույթի կենտրոն։